Պաշտպանության նախկին նախարար, դեռ անկուսակցական, բայց քաղաքական դաշտում արդեն ակտիվություն դրսևորող Սեյրան Օհանյանը, որ նախօրեին չէր մասնակցել «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարին, որին անդամակցելու մասին այդքան գրվել է, հասարակության հետ լրագրողների միջոցով շփումից նորից խուսափեց, նա նախընտրեց Ֆեյսբուքը: Իր էջում Սեյրան Օհանյանը ներկայացրեց ծավալուն մեկնաբանություն, թե ինչպես է տեսնում Արցախի հարցի լուծումը՝ հայրենակիցներին, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներին դիմելով: Նրա «խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունը անկյունաքարային հարց է պետության և ժողովրդի համար»: Ամեն ինչ ճիշտ է, բայց Սեյրան Օհանյանը բացահայտորեն դուրս չի եկել պետական ծառայողի կարգավիճակից հոգեբանորեն: Ով-ով, պաշտպանության նախկին նախարարը դա պիտի կարողանար անել ինքնաբերաբար՝ գերադասելով հակիրճ ու կոնկրետ տեսակետը, բայց նա կետ առ կետ շարադրում է լավագույն մտադրությունների հավաքածու, որտեղ ավելի շատ ուրիշներն անելիք ունեն, քան ինքը:
Օրինակ՝ նա կարծում է, որ «Հայաստանը պարտավոր է գտնել արժանապատիվ խաղաղության բանաձև իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս նպատակի համար պետք է ծառայեցվեն մեր պետության և ողջ հայ ժողովրդի ռեսուրսներն ու ջանքերը։ 10- միլիոնանոց հայությունը ունակ է ապահովելու Հայաստանի և Արցախի զարգացումն ու անվտանգությունը։ Այս գաղափարի գիտակցումը և դրանով պայմանավորված գործունեությունը էապես փոխում են մեր կշիռը թե Հարավային Կովկասում, թե միջազգային ասպարեզում: Այդ ուղղությամբ պետք է տարվի հսկայական աշխատանք, և, իհարկե, կան մարդիկ և շրջանակներ, ովքեր կարող են դա իրագործել»։ Եթե ամբողջ մի նախարարություն, նախագահ, կառավարություն ջանում են այդ ռեսուրսը ներգրավել, բայց չեն կարողանում ողջ ներուժն օգտագործել շատ հայտնի պատճառներով, ովքե՞ր են այդ «մարդիկ և շրջանակները», որ կարող են անել և մինչև հիմա ո՞ւր էին: Ինչո՞ւ ասպարեզ չէին գալիս: Նրանց պակասում էին Սեյրան Օհանյանի՞ քարոզչությունը և կանխատեսումը, որ «տարածաշրջանում անվտանգության հարցերը սուր են լինելու դեռ երկար ժամանակ»: Ո՞վ չգիտի: Իր նոր հայտարարությամբ Սեյրան Օհանյանը, առանց անուններ տալու, բացահայտորեն մերժում է Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ համագումարում առաջարկած փուլային լուծումն ու ընդհանրական տեսակետները:
Նա կարծում է, որ. «Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում»։ Սա ոչ միայն պատասխան է Լևոն Տեր-Պետրոսյանին, սա ուղղակի Ռոբերտ Քոչարյանի փառաբանում է, և եթե կողմերը մնան իրենց տեսակետներին, սա նշանակելու է, որ ՀԱԿ-ի և նոր ձևավորվող քաղաքական ուժի (կամ դաշինքի) համագործակցությունը մերժվում է՝ նվազագույնը Արցախի հարցում: Սեյրան Օհանյանը ուղղակի է պատասխանում առաջին նախագահին. «Մեր միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, և այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք»։ Նա հայտարարում է, որ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին Երևանում և Ստեփանակերտում է, նրանք պետք է Բաքվի հետ համաձայնության տարբերակ գտնեն: ԼՂՀ-ն՝ որպես հակամարտության լիարժեք կողմ, պետք է հասնի իր սուբյեկտայնության միջազգային ճանաչմանը:
Բազում «պետք է»-ները, սակայն, որևէ դեպքում չեն շարունակվում «ինչպես»-ով, այն ամենը, ինչ պաշտպանության նախկին նախարարը շարադրել է իր անունից, հայտնի ճշմարտություններ են, որոնք բարձրաձայնելու համար քաղաքական գործիչ դառնալ չարժի, բայց քաղաքական գործիչ դառնալու համար գոնե մեկ դեպքում պիտի բացատրվի, թե այդ լավագույն մտադրություն-նպատակին ինչպես հասնել: Ինչպե՞ս զարգացնել հարաբերությունները դաշնակիցների և գործընկերների հետ, ինչպե՞ս սեփական երկրի կշիռն ու վարկանիշը բարձրացնել, ինչպե՞ս Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու և բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար ստեղծել զարգացող և մրցունակ տնտեսական համակարգ, ինչպե՞ս դուրս գալ տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից և ունենալ կայուն զարգացում, ինչպե՞ս հաստատել հանդուրժողականության և արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում, ինչպե՞ս ունենալ իրական քվեով ձևավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն։ Ինչպե՞ս Ադրբեջանին հրաժարեցնել ագրեսիվ-ծավալապաշտական նկրտումներից, ինչպե՞ս նրան ընդունել տալ Արցախ պետության գոյությունը: Ինչպե՞ս ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալ: Որո՞նք են հայաստանակենտրոն ուժերը, որ իրենց ջանքերը պետք է ներդնեն ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու և այդ որակի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ձևավորելու համար:
Կրկնում եմ՝ Սեյրան Օհանյանը դուրս չի եկել բարձրաստիճան պաշտոնյայի հոգեվիճակից և նրան դեռ թվում է, որ գեղեցիկ մտադրությունների ու կարգախոսների շարադրանքը քաղաքական հայտ կամ հայեցակարգ է: Իր ֆեյսբուքյան երկրորդ հայտարարությամբ Սեյրան Օհանյանը վերստին ներկայանում է իբրև երազող՝ թվարկելով (այն էլ՝ ոչ ամբողջությամբ) խնդիրները և անհայտ թողնելով լուծումները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գոնե զիջում է առաջարկում ու փուլային տարբերակ՝ անընդունելի, բայց առաջարկ է, ի՞նչ է առաջարկում Սեյրան Օհանյանը: Բառացիորեն նոր ոչինչ, այդ ամենը տասնյակ ու տասնյակ անգամներ ասվել է ավելի կամ պակաս հարթ ու գեղեցիկ: Որպես ղարաբաղցի՝ նա գոնե պիտի բարձրացներ ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքը օր առաջ կնքելու հարցը, ավելի պաշտպանված տեսնելու փոքր հայրենիքը: Որպես քաղաքական գործիչ՝ նա գոնե պիտի ասեր՝ ընդունո՞ւմ է Մադրիդյան սկզբունքները, թե՞ մերժում է: Իսկ այսպես բացահայտ է, որ նա իբր տեսակետ ներկայացնում է սեփական տեսակետի բացակայությունը՝ կրկնելով ասպարեզում շրջանառվող տարբեր տեսակետներ ու ձայնակցելով Սերժ Սարգսյանին: Գուցե հե՞նց այդ պատճառով չի մասնակցել «Երրորդ հանրապետության» համագումարին: Կամ՝ չգիտի ի՞նչ պատասխանել լրագրողների հարցերին, որ նվազագույնը փորձելու են պարզել, թե ի՞նչ է ուզում Սեյրան Օհանյանը, բացի՝ ասպարեզում մնալուց: Չնկատել դա՝ նշանակում է տրվել ինքնախաբեության: